Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արժե՞ հաշվի առնել անջատողական տրամադրությունները Իտալիայում

Արժե՞ հաշվի առնել անջատողական տրամադրությունները Իտալիայում
23.03.2014 | 15:16

Համաշխարհային հանրության ուշադրությունը հիմա սևեռված է ՈՒկրաինայի իրադարձություններին և Ղրիմի հանրաքվեին, սակայն նման մի բան կատարվում է և Իտալիայում: Անջատողական տրամադրություններ կան Վենետիկում ու Սարդինիայում: Ի՞նչ է դա՝ տրանսալպյան դիմակահանդեսի վերջին կրակնե՞ր, թե՞ ինչ-որ ավելի խորքային գործընթացի դրսևորումներ:


Այդքան միասնական ու անբաժանելի՞ է Իտալիան

Անցյալում իտալացի դպրոցականներին հատուկ ատելություն էին ներարկում Կլեմենս ֆոն Մետերնիխի՝ Ավստրո-Հունգարիայի XIX դարի կանցլերի, նկատմամբ: Ի՞նչ մեղք էր գործել այդ մեծագույն դիվանագետը՝ Վիեննայի կոնգրեսի գլխավոր կազմակերպիչը: Նա իրեն թույլ էր տվել Իտալիան անվանել «բացառապես աշխարհագրական հասկացություն»: Թե ինչո՞ւ: Թեպետ նրա ժամանակներում այդ պնդումը տրամաբանությունից դուրս չէր (Մետերնիխն այդ արտահայտությունն արել էր, երբ ժամանակակից Իտալիայի տարածքում կեսդյուժին պետություններ կային՝ Սարդինիայի թագավորությունը, Լոմբարդիա-Վենետիկյան թագավորությունը, Պարմի հերցոգությունը, Մոդենի հերցոգությունը, Տոսկանայի մեծ հերցոգությունը, Պապական շրջանն ու Երկու Սիցիլիաների թագավորությունը), միավորված Իտալիայում նրան միշտ ընդունել են որպես կայսերական և հետադիմական արհամարհանքի գագաթնակետ երիտասարդ պետության նկատմամբ: Իտալացիների տասնյակ սերունդների մեջ դպրոցական քարոզչությունը հայրենասիրական ատելություն է ներարկել Ավստրիայի նկատմամբ, սակայն ամեն ինչ փոխվեց երկրորդ աշխարհամարտի նախօրեին, երբ Երրորդ Ռայխի հետ դաշինքը ստիպեց նորովի գնահատել գերմանացիների հետ հարաբերությունները:
Ի՞նչ է Իտալիան: Միասնական ու անբաժան պետությո՞ւն՝ ինչպես գրված է Սահմանադրությունում: Թե՞ տարատեսակ իրականությունների խճապատկեր, որ համազգային զգացումներով համակվում է միայն ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի ժամանակ: Իսկ ինչո՞ւ են աղմկում լրատվամիջոցները անջատողական նախաձեռնությունների մասին: Բանահյուսական պատկերացումների նոր տեսա՞կ է: Թե՞ ինչ-որ ժամանակ միասնական պետության տրոհման նշան: Վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները հիշեցում են, որ աշխարհաքաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, որ աներեր ստատուս քվոներ չեն լինում:


Իրակա՞ն էր միացումը

Սկզբի համար արագ հիշենք՝ ինչպես Իտալիան դարձավ միասնական ազգ:
1861 թ. մարտի 17-ին Թուրինի խորհրդարանը հռչակեց Իտալիայի թագավորության ծնունդը, առաջին հայացքից անկապ կառույց, որի կարիքը ոչ ոք առանձնապես չէր զգում: Իտալիայի թագավորությունը պետք չէր Սարդինիայի վարչապետ Կամիլո դե Կավուրին, որ համաձայնագիր էր ստորագրել Սարդինիայի թագավորության և Ֆրանսիայի Նապոլեոն III կայսեր հետ դաշինքի մասին, որպեսզի գրավի Պադանյան դաշտավայրը և իր սահմաններն ընդարձակի դեպի հարավ: Նապոլեոն III-ն էլ դրան չէր ձգտում, նա ուզում էր ստեղծել նապոլեոնյան թագավորություն կենտրոնական Իտալիայում՝ պահպանելով Պապի իշխանությունը իր հողերում (դա էր պնդում աստվածավախ Եվգենիան): Ջուզեպե Մաձինին երազում էր հանրապետական Իտալիա...
Գարիբալդիի արկածախնդրությունը, որ մեկ տարի առաջ արշավի էր դուրս եկել նվաճելու Սիցիլիան ու մնացած հարավային հողերը, դե Կավուրին ստիպեց խառնվել. հակառակ պարագայում երկրի ամբողջ հարավը հայտնվում էր արմատականների ձեռքում, որ բոլորովին չէին հանդուրժում Սավոյական տան չափավորական միապետությունը: Այդ պատճառով Նեապոլի գրավումից հետո պետք է հայտարարվեր նոր տարածքների անեքսիայի մասին Վիկտոր Էմանուիլ II-ի կողմից և... բանակն ուղարկել ճնշելու գաղտնի քաղաքացիական պատերազմը, որը երկար տարիներ փոթորկում էր երկրի հարավում:
Միավորումը պարտադրված էր, ընդ որում՝ միաժամանակ ինչպես դա չցանկացող հարավային տարածքներին, այնպես էլ հյուսիսային էլիտաներին, որ ապշահար էին նոր ձեռքբերումների հետամնացությունից: Հայրենասիրական որևէ առասպելաբանություն իզորու չէ ջնջել անցանկալի և չպատրաստված անեքսիայի հետքերը: Իսկ տարածաշրջանների տարբերությունները այսօր էլ զգալի են (Եվրոպական Միության ընդլայնման և տարանուն երկրների եվրագոտում ինտեգրման կողմնակիցները պետք է ուշադիր ուսումնասիրեն իտալական պատմությունը): «Սկզբից սարքենք Իտալիա, հետո՝ իտալացիներ» նշանավոր ասույթը կիրառելի է, թերևս, ամենակիրթ դասակարգերի դեպքում, ընդհանուր առմամբ, համարվում է, որ ազգային պատկանելության ինչ-որ զգացման ձևավորմանն ամենամեծ ներդրումն ունեցավ առաջին աշխարհամարտը (այն ժամանակ խրամատներում խառնվում էին բոլոր տարածաշրջանների և սոցիալական խավերի մարդիկ) և հեռուստահեռարձակումը 1950-ական թթ.:

Դաշնային երազանքեր

Դաշնությունը այն տեսքով, ինչ տեսքով գիտեն ԱՄՆ-ում ու Գերմանիայում, հազիվ թե կարող է իտալական քաղաքական բարքերի մաս դառնալ: Թեպետ պատմականորեն երկիրը մասնատված էր և կազմված էր մի քանի պետություններից (XIX դարասկզբի իրավիճակը արդեն կարելի էր մեծ առաջընթաց համարել, որովհետև ընդամենը մի քանի դար առաջ տոսկանական քաղաքները անվերջանալի պատերազմներ էին մղում միմյանց դեմ, իսկ չորս քաղաք-հանրապետություններ կռվում էին ծովում գերիշխանության համար), դաշնային կառույցի՝ ուժեղ տեղական ինքնավարությամբ, միտքը այդպես էլ չարմատավորվեց մարդկանց գիտակցության մեջ: Դաշնությունը առանձնապես ընդունում չէր գտնում մինչև երկրի միավորումը, սակայն մոդայիկ դարձավ 1980-ական թթ. ընտրություններում «Հյուսիսի լիգայի» հաջողության ալիքների վրա, որի իսկական պատճառը հարկային ապստամբությունն էր ընդդեմ Հռոմի «գողերի»: Լիգայի բոլոր դաշնային դատողությունները որևէ որոշակի բարեփոխման չհանգեցրին պետական կառույցում, ինքը՝ լիգան, Սիլվիո Բեռլուսկոնիի կոալիցիոն կառավարության հետ համագործակցելու մի քանի փորձերից հետո անկում ապրեց և ձայները տվեց Բեպե Գրիլոյի Հինգ աստղերի շարժման ընդդիմադիր ընտրախավին: Դա դաշնային կամ նույնիսկ անջատողական ուտոպիայի վե՞րջն էր: Բնավ ոչ: Եթե հաջողության չեն բերում զենքի կամ օրենքների ուժը, կարելի է գնալ ավելի երկար ճանապարհով՝ դիմակների կատակերգության:


Այս ամենը կատակ է, բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում

Նորություններում հիմա ակտիվ գրում են երկու զարմանալի նախաձեռնությունների մասին: Վենետիկում ցանկանում են հանրաքվե անցկացնել՝ տարածքը մնացած Իտալիայից անջատելու և Վենետիկի Ճաճանչափայլ Հանրապետության փայլը վերականգնելու համար, որը դադարեց գոյություն ունենալ 1797 թ. Նապոլեոնի ներխուժումից հետո: Իսկ Սարդինիայում խնդրագիր է շրջում կղզին … Շվեյցարիային միացնելու մասին: Երկու նախագծերն ունեն մեկ ընդհանրություն՝ գոյություն ունեն միայն ինտերնետում:
Հեշտ է կռահել, որ այս ամենը իրականում կատակ է (կամ՝ ծայրահեղ դեպքում՝ տարօրինակ քմահաճույք): Մամուլը ընդգծում է, որ նրանք իրավաբանական ուժ չունեն, բայց ապագայում դա կարող է փոխվել:
Պատմությունը մեզ ասում է, որ սահմանները մշտապես փոփոխվում են, և հավատալ նրանց աներերությանը հիմարություն է կամ նույնիսկ վտանգավոր է: Հիշեք սկզբունքը, որ 1918 թ. բարձրաձայնեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ ժողովուրդների ինքնորոշում: Այն ժամանակ խոսքը Ավստրո-Հունգարիայի բաժանման հիմնավորման մասին էր, սակայն այդ սկզբունքը իր մասին հիշեցրեց ամբողջ ХХ դարի ընթացքում, ընդորում՝ երբեմն հարուցելով երկու համաշխարհային հակամարտությունների հաղթողների մեծագույն դժգոհությունը (հատկապես այն հարցերում, որ վերաբերում էին ապագաղութացմանը): Հասկանալի է, որ ժողովուրդների ինքնորոշումը առճակատման բաղադրիչ է պարունակում՝ նման ձգտումը կարող է բախվել այս կամ այն տարածքում իր վերահսկողությունը պահպանել ցանկացող քաղաքական ուժին:
Բոլոր դեպքերում՝ ինչպե՞ս կարձագանքեր արևմտյան պետությունը իր տարածքում կենտրոնախույս ինքնորոշման լուրջ դրվագին: Ի՞նչ կլիներ, եթե այդ պահանջը ստանար բնակչության և պատգամավորների մեծ մասի աջակցությունը: Օրինակների համար պարտադիր չէ Ղրիմ գնալ, նրանք մեր կողքին են, այնպիսի քաղաքակիրթ երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիան (Շոտլանդիայի հանրաքվեն) և Իսպանիան (Կատալոնիայի առավել վառ դրսևորված ցանկությունը՝ Մադրիդից առանձին ապրել): Ինչպե՞ս կարձագանքեր ինքնիշխան պետությունը իր տարածքի նկատելի մասի անջատման և անկախության հեռանկարին: Ո՞ր լիբերալ և ժողովրդավարական երկիրը կարող է իրեն թույլ տալ զորք ուղարկել և ցրել ապստամբներին, հատկապես եթե նրանք իրենց խաղաղ են պահում և ունեն մեծամասնության աջակցությունը:
Վենետիկյան Հանարապետության վերադարձը կամ Շվեյցարական կանտոնի հայտնությունը Սարդինիայում կդառնա հերթական արնահեղությո՞ւնը, թե՞ Եվրոպայի քաղաքական քարտեզում լուրջ փոփոխություններ են սպասվում:

Ջորջիո Պեդրոնետո
"Atlantico", Ֆրանսիա
Թարգմանությունը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ